ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍՈՒՐԵՆ ՔՐԻՍՏՈՓՈՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ
Հանրապետության,ժողովրդի առջև ունեցած վաստակի համար Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը կրում է հիմնադիր ռեկտոր ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի պատվավոր անունը:
Ս.Ք.Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ. նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով և մեծ աշխատասիրությամբ օժտված Ս. Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից տարվել է վիրաբուժությամբ և հետաքրքրություն ցուցաբերել գիտական աշխատանքի նկատմամբ: Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Ս.Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Զորացրումից հետո` 1945 թվականից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ ուսուցանում էր և անցկացնում գիտական հետազոտություններ: 1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը:
1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից էր, ով արձագանքել է հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, որտեղ աշխատել է գլխավոր բժիշկ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երևան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել, դեռևս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում:
1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները և ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում:
Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թոքի հիդատիտոզ էխինոկոկ», իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝ «Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը» թեմաներով:
Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն Ս. Ավդալբեկյանի աշխատանքները նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Նա ԽՍՀՄ–ում առաջինն է կիրառել թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կատետորավորումը:
Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր և ֆակուլտետի դեկանը:
Կարճ ժամանակում Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում և մասնագիտացում էին ստանում նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական և թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները: Ս.Խ.Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունը: Նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Փառքի նշան» շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչման:
Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչև կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվամբ: