Հուլիսի 1-ին ակադեմիկոս Ս․Խ․Ավդալբեկյանի ծննդյան 102-րդ տարեդարձն է
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ․Հերացու շքանշանի առաջին ասպետ, ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․Խ․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ) հիմնադիր, Հայկական վիրաբուժության դասական և հայ բժշկության նահապետ։
Ս․Խ․Ավդալբեկյանը ծնվել է 1920թ․ հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ․ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ։ 1943-1945 թթ․, լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ, Ս․Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն։
Զորացրումից հետո, 1945 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում։ Ս․Ավդալբեկյանը 1948 թ-ից սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով՝ դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը։
Վարպետության աճի հետ զուգահեռ, Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր և ֆակուլտետի դեկանը:
1963-1988 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդականն էր։
Ս.Խ.Ավդալբեկյանի ծառայությունները բարձր են գնահատել ԽՍՀՄ և ՀՀ կառավարությունները: Նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Փառքի նշան» շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչման:
Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք, Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչև կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվամբ: