Մարզային այցերը շարունակվում են․ Գեղարքունիքի մարզ
Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին։ Քննարկվեցին մարզում բուժաշխատողների հավաստագրման գործընթացի իրականացման, մեծահասակների և 0-18 տարեկանների պատվաստումային գործընթացի ակտիվացման, առողջապահության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ թեմաներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն՝ Առողջապահության նախարարության կողմից մարզում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։
Այնուհետև Լենա Նանուշյանը և Ալեքսանդր Բազարչյանը հանդիպում-քննարկում անցկացրեցին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր իրազեկել բուժհիմնարկների տնօրեններին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի մանրամասներին, առավելագույնս աջակցել բուժաշխատողներին՝ պատրաստվելու հավաստագրման գործընթացին և թե ինչպես պետք է յուրաքանչյուրն իր մասով ապահովի հավաստագրերի ձեռքբերման համար պահանջվող չափորոշիչները։
Ինչպես նշեց ԱԱԻ-ի Հավաստագրերի տրամադրման բաժնի պետ Սոֆա Թևոսյանը, նախատեսված է, որ մինչև 2023 թ․ հունվարի 1-ը բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։ Հավաստագրեր ձեռք բերելու համար բուժաշխատողնեը պետք է մասնագիտական գործունեության ժամանակահատվածում հավաքեն համապատասխան կրեդիտներ և ապահովեն սահմանված այն բոլոր պահանջները, որոնց առկայության դեպքում միայն բուժաշխատողներին հնարավորություն կտրվի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։