Արցախի բժիշկների վերապատրաստման դասընթացների իրականացման մասին
2018թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը Արցախում՝ ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ
ԱԱԻ, ԱՀ ԱՆ և ՀՕՖ-ի համատեղ ջանքերով, իրականացվեց Արցախի հեռավոր շրջանների և Ստեփանակերտի
ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում աշխատող բժիշկների շարունակական
մասնագիտական զարգացման գործընթացը: Ծրագրին
մասնակցեցին մանկաբույժներ, թերապևտներ, նեոնատոլոգներ և ներզատաբաններ:
Դասընթացի առաջին շաբաթը նվիրված էր առողջ ապրելակերպին` ռացիոնալ սնուցմանը, վնասակար
սովորույթների դեմ պայքարին, այդ թվում ծխախոտամոլությանը, ալկոհոլի չարաշահմանը, ինչպես
նաև ֆիզիկական ակտիվության կարևորությանը: Դասընթացի տեսական հատվածում
մանրամասնորեն ներկայացվեցին բժշկի կողմից իրականացվող խորհրդատվության
սկզբունքները և մոտեցումները, գործնական պարապմունքների ժամանակ՝ կատարելագործվեցին
հմտությունները: Երկօրյա դասընթացները նվիրված էր բրոնխային ասթմայի արդի հարցերին,
թե մանկական պրակտիկայում, և թե մեծահասակների շրջանում: Նյութը ներկայացված էր ինտերակտիվ
պատկերազարդ դասախոոսությամբ` համաձայն վերջին 2017թ. GINA ուղեցույցների:
Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին պիկֆլոումետրիայի
և դոզավորված աէրոզոլային ինհալատորների կիրառման հմտություններ, նաև այդ
հմտությունների վերաբերյալ երկու տեսաֆիլմեր դիտեցին: Հաջորդ երկու շաբաթների
ընթացքում քննարկվեցին մանկաբուժության արդի հարցերը, մասնավորապես` կրծքի և վաղ
հասակի երեխաների սնուցման գործելակարգը, առողջ երեխայի հսկողութունը, երեխայի
աճը, զարգացումը և մանկական հիվանդությունների ինտեգրացված վարումը: Գործնական
պարապմունքները ներառում էին մանկական առողջության վերաբերյալ սկրինինգների ցուցադրում,
ուսուցանում և ամրապնդում, կրծքով սնուցման խորհրդատվություն, հավելյալ սննդի ժամանակին
ներմուծում, խառը և արհեստական սնուցման կանոնները: Դասընթացի զգալի հատվածը նվիրված
էր մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման կանոններին, որն ուղեկցվում էր տեսաֆիլմերի
ցուցադրությամբ և վարժությունների կատարմամբ:
Թերապևտիկ մասը ներառում էր սրտանոթային հիվանդությունների
քննարկում` սրտանոթային ընդհանուր ռիսկի գնահատում, զարկերակային գերճնշում, սրտի
իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, հետինֆարկտային վիճակների մասին
քննարկում և պացիենտների վարում: Քննարկման ժամանակ շեշտադրվել են պացիենտների
կողմից կատարվելիք կանխարգելման խնդիրների քննարկումը,
ինչպես նաև սրտանոթային ռիսկի գնահատումը` ըստ SCORE սանդղակի:
Ներկայացվել են միջազգային վերջին ուղեցույցները: Շատ հետաքրքիր քննարկում է
ծավալվել նաև առաջնային օղակում ախտորոշման ախտանիշային և համախտանիշային
մոտեցումներին, ներկայացվեց ՀՄԴ-10 հնարավորությունները` ախտանիշները և համախտանիշները
որպես ախտորոշում ձևակերպելու համար, քննարկվեցին այրոցը, սրտխառնոցը և
փսխումը, դիսֆագիան, դիսպեպսիան, մարմնի զարգվածի ակամա կորուստը,
գրգռված աղիքի համախտանիշը ու աղեստամոքսային համակարգի այլ ֆունկցիոնալ
խնդիրները, ֆիբրոմիալգիայի համախտանիշը: Շեշտարդվեցին տարբերակիչ աշտորոշման և
բուժման առաձնահատկությունները:
Հաջորդիվ քննարկվեցին ներզատական հիվանդություններից 2-րդ տիպի
շաքարային դիաբետը և վահանագեղձի առավել տարածված հիվանդությունները: Կարևորվեց
առաջին օղակի բժիշկների դերը այդ հիվանդությունների առաջնակի ախտորոշման և նեղ
մասնագետի հետ խորհրդատվության անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաև շնչուղիների և միզուղիների վարակները, ներառյալ`
հազը որպես առաջին օղակի ախտորոշում, արտահիվանդանոցային թոքաբորբը, միզուղիների
ստորին հատվածի վարակները և պիելոնեֆրիտը: Կարևորվեցին կանխարգելման մոտեցումները
և միջոցառումները: Ներկայացվեցին առաջնային օղակում տուբերկուլոզի վաղ ախտորոշման
և հետհիվանդանոցային բուժման մոտեցումները` ըստ DOTS ծրագրի, ինչպես նաև
ցուցադրվեց տեսաֆիլմ տոբերկուլոզի վերաբերյալ: Հաշվի առնելով
հակաբիոտիկառեզիստենտականության տարածվածությունը և ԱՀԿ մոտեցումները այդ խնդրի
վերաբերյալ՝ քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման ռազմավարական և մարտավարական
առանձնահատկությունները շնչուղիների, միզուղիների, աղեստամոքսային համակարգի և փափուկ
հյուսվածքների վարակների ժամանակ:
Տարեցների առողջության խնդիրները` ծերացումը և կյանքի որակը,
ռևմատիկ պոլիմիալգիան, դելիրիը և դեմենցիան, դասընթացի առանցքային թեմաներից էին:
Դասընթացի ավարտին բժիշկներին տրամադրվում են համարժեք կրեդիտներով
վկայականներ: Արցախի բժիշկների վերապատրաստման գործընթացը ավարտվեց
կազմակերպիչների և մասնակից բժիշկների մեծ գոհունակությամբ, շարունակական լինելու
պայմանավորվածությամբ: