ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ Քաղցկեղը դատավճիռ չէ. հիվանդությունների 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել

Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային կազմակերպության  նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ:Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՉՆ հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանըՉՆ-ի առաջացումն ըստ էության բազմափուլ գործընթաց է, որի ժամանակ  նորմալ բջիջները վերափոխվում են ուռուցքային բջիջների, և արդյունքում` նախաքաղցկեղային ախտահարումը վերածվում է չարորակ նորագոյացության: ՉՆ առաջացումը ժառանգական գործոնների և արտաքին քաղցկեղածինների, ինչպես նաև վարքագծային ու կենսաբանական գործոնների փոխազդեցությունների արդյունք է: 2018 թ.-ին աշխարհում  ՉՆ-ից մահացել է 9.6 մլն մարդ` մահվան դեպքերի մոտ 70%-ը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) [1]: 
ՉՆ-ից առաջացած մահվան դեպքերի մոտ մեկ երրորդը պայմանավորված է բնակչության ռիսկային վարքագծով և առողջության վրա հիմնական ռիսկի գործոնների վնասակար ազդեցությամբ, մասնավորապես, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմամբ, անառողջ սննդակարգով, ավելցուկային քաշ/ճարպակալումով և ֆիզիկական թերակտիվությամբ [1]:Ծխախոտի օգտագործումը ՉՆ-ի, մասնավորապես, շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է: Ամբողջ աշխարհում ՉՆ մահացության մոտ 22%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, իսկ 10-15%-ը` ծխախոտի երկրորդային ծխի վնասակար ազդեցությամբ [2]:Ցածր և միջին եկամուտ ունեցողերկրներում ՉՆ-ի դեպքերի 25%-ը պայմանավորված է քաղցկեղ առաջացնող այնպիսի վարակներով, ինչպիսիք են հեպատիտ Բ-ն, Ց-ն և մադու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) [3]: ՉՆ-ի տարածվածությունը և մահացությունը  պայմանավորված են ախտորոշման անհասանելիությամբ և հիվանդության ուշ փուլերում բժշկական օգնության դիմելու հանգամանքով [1]: ՉՆ-ի տնտեսական բեռն ահռելի մեծ է և բնութագրվում է ամենամյա աճով: 2010 թ.-ի ընդհանուր տարեկան տնտեսական վնասը ՉՆ-ից գնահատվել է մոտ 1,16տրլն. ԱՄՆ դոլար [4]: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի երկրների «European Health Information Gateway» շտեմարանի տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. Հայաստանում ՉՆ-ից վաղաժամ մահացության ցուցանիշը կազմել է 77 (100 000 բնակչի հաշվով), իսկ բոլոր տարիքային խմբերում` 180, Հունգարիայում վաղաժամ մահացությունը կազմել է 110, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ 226, Խորվաթիայում` 84 և 206, Սերբիայում` 100 և 198, Լատվիայում` 86 և 188, Լիտվայում` 88 և 184, Լեհաստանում` 82 և 192, Ռումինիայում` 98 և 186, Մոլդովայում համապասխանաբար ` 90 և 165 [5]:

 Հայաստանում ՉՆ-ից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Վերջին երեսուն տարիների ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ [6]: Ներկայում առողջապահության գերակա խնդիրներից է ՉՆ վաղաժամ մահացությունը, քանի որ այդ հիվանդություններից առաջացած մահերի 50%-ը արձանագրվու է մինչև 65 տարեկան հասակում: 2018թ.-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող ՉՆ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 43830, ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք [6]: ՉՆ-ի 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել` վաղ հայտնաբերման պարագայում: ՉՆ դեպքերի շուրջ 60%-ը հայտնաբերվում է III և IV փուլերում, որը մեծապես անդրադառնում է բուժման որակի և ապրելիության տևողության վրա [6]:

 Ըստ ՉՆ նոզոլոգիաների տարածվածության՝ կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի պարանոցի և մարմնի հիվանդացությունը և մահացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը: Վերջին տարիների ընթացքում թև´ կանանց, թև´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով [6]:

Հարկ է նշել, որ տղամարդկանց շրջանում վերոնշյալ նոզոլոգիաներից ահազանգող վիճակագրություն ունեն շնչափողի, բրոնխների, թոքի ՉՆ-ը, որը 5-6 անգամ բարձր է կանանց համեմատ [6]: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ չափահաս տղամարդկանց 51.5%-ը ծխում է [4]: Այս վնասներին գումարվում է նաև ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը՝ ՀՀ չծխող բնակչության շուրջ 56%-ը նշել է, որ ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ 26.6%-ը` աշխատավայրի փակ տարածքներում [7]:

 ՉՆ առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները.

  • Չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը
  • Լինել ֆիզիկապես ակտիվ
  • Պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը
  • Խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից
  • Կանխարգելիչ նպատակներով առնվազն տարեկան մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի
  • Մասնակցել սքրինինգային հետազոտւթյուներին
  • Պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ:

2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային ծրագիրըակում, որի շրջանակում 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվում է բջջաբանական հետազտություն (ՊԱՊ քսուքի հետազոտություն): 2015-2018թթընթացքում ՊԱՊ հետազոտություն են անցել ավելի քան 210000  կանայք, որի արդյունքում պարզվել է, որ հետազոտված կանանց շուրջ 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ:

 ՉՆ տնտեսական բեռի նվազեցման և համաճարակային տարածման վտանգը կանխարգելելու նպատակով ԱՆ կողմից մշակվում է «Ուռուցքաբանական ծառայության բարելավման հայեցակարքի» նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 իրավական դաշտի կարգավորման և առողջ ապրելակերպի քարոզության խթանման միջոցով պայքարել ծխելու դեմ,

  •   պալիատիվ բշժկության ներդրում,
  •  ՉՆ բուժման միօրինակ և միասնական կառավարման համակարգի ներդրում («Tumor Board»),
  •  ԶԼՄ-ների և հանրային մեդիայի միջոցով քարոզարշավի կազմակերպում,
  •  կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգների ներդրում,
  •  արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգի շարունակականություն,
  •  հեպատիտ Բ-ի և մադու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստման շարունակականություն:

 

1.    WHO: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/cancer

2.   Lyon, France: International Agency for Research on Cancer; 2013. GBD 2015 Risk Factors Collaborators. Global, regional, and national comparative risk assessment of 79 behavioural, environmental and occupational, and metabolic risks or clusters of risks, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015. Lancet. 2016 Oct;388(10053):1659-1724.

3.   Plummer M, de Martel C, Vignat J, Ferlay J, Bray F, Franceschi S. Global burden of cancers attributable to infections in 2012: a synthetic analysis. Lancet Glob Health. 2016 Sep;4(9):e609-16. doi:  10.1016/S2214-109X(16)30143-7.

4.   Stewart BW, Wild CP, editors. World cancer report 2014. Lyon: International Agency for Research on Cancer; 2014 (http://publications.iarc.fr/Non-Series-Publications/World-Cancer-Reports/World-Cancer-Report-2014).

5.   «European Health Information Gateway», WHO (https://gateway.euro.who.int/en/indicators/hfamdb_634-sdr-malignant-neoplasms-per-100-000/visualizations/#id=30910&tab=table) «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018 http://nih.am/am/statistical_yearbooks/78/am

6.   «ՈՎՀ ՌԳ STEPS ազգային հետազոտություն», Հայաստան, 2018 http://nih.am/am/subdivisions/health_analytical_center?block=researches