Տրավմա և տոկունություն Հայ-ֆրանսիական 2-րդ գիտաժողով
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց Տրավմա և տոկունություն թեմայով Հայ-ֆրանսիական 2-րդ գիտաժողովը, որն անցկացվում է Լիոնի Վինաթիե կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ:
Երկօրյա գիտաժողովի նպատակն է միջազգային և տեղական պատերազմների փորձի հիման վրա վերլուծել հետևյալ խնդիրները.
• Վեր հանել հոգեբանական տրավմաների ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա
• Ներկայացնել արտակարգ իրավիճակներում ծառայությունների կազմակերպման փորձը և դրա հետագա բարելավման հնարավորությունները
• Ներկայացնել տրավմաների և դրանց հաղթահարման մեխանիզմները
• Ներկայացնել մեխանիզմներ, որոնք կխթանեն հետտրավմային աճը
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ՀՀ ԱՆ ԱԱՒ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Գիյոմ Նաղժոլեն, Լիոնի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ Սիլվա Թոփուզխանյանը:
Ողջունելով մասնակիցներին` նախագահողները նշեցին, որ Տրավմա և տոկունություն թեմայով Հայ-ֆրանսիական 2-րդ գիտաժողովը կոչված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների միջև համագործակցության ամրապնդման, ձեռք բերված փորձի փոխանակման ու լայն համագործակցության ձևավորման միջոցով ոլորտի զարգացմանը: Այդ ամենը կօգնի պատերազմական և այլ արտակարգ իրավիճակներում գործողությունների հստակ մեխանիզմներ ձևավորելու և օրհասական իրադրություններին մշտապես պատրաստ լինելու գործում: