Քննարկում-դասախոսություն Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և Դոքթորսնեթ.էյեմ առողջապահական տեղեկատվական հարթակի նախաձեռնությամբ
Դոքթորսնեթ. էյեմ առողջապահական տեղեկատվական հարթակի և Ակադեմիկոս
Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ առողջապահության
նախարար Արսեն Թորոսյանը անցկացրել է «Հանրայինառողջապահության մարտահրավերները և լուծման
ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունն ` ԱՆ «Ակադեմիկոս
Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում»։
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի
բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության
ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից
մինչև բուժում և պալիատիվ խնամք։
Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա
ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։
«Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի
և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանիդոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ
ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ
կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Այնուհետև նախարարը քննարկումը վերածել է հարց ու պատասխանի և ներկաներն
իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության,
ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի,
հակաբիոտիկների և այլ թեմաների շուրջ։