ՀՀ ԱՆ խորհրդականները հավաստագիր ստացան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին:
Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ:
«Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ: Այս համակարգը նպաստելու է կրթական ցենզի, կրթական չափորոշիչների բարձրացմանը, բուժօգնության և սպասարկման որակի լուրջ առաջընթացին` բժշկագիտության արագ զարգացմանը զուգընթաց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ շարունակական բժշկական կրթության համակարգի այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման առումով: