ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ապրիլի 7-8-ին, ՀՀ ԱՆ Առողջապահության նախարարության աջակցությամբ, Ազգային բժշկական պալատի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվեց Ներքին հիվանդությունների տարեկան գիտաժողովը: Կրեդիտավորված գիտաժողովի բացումն ազդարարեց Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը՝ նշելով, որ միջոցառումն ուղղված է Առողջության առաջնային պահպանման օղակի ծառայությունների որակի բարելավմանը, առկա խնդիրների վերհանմանը և համալիր լուծումների մշակմանը: Մասնակիցներին ողջունեց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը՝ կարևորելով այն փաստը, որ առողջապահական համակարգը սկսվում է պոլիկլինիկական ծառայություններից և կարևոր է խրախուսել այն ծրագրերը, որոնք ուղղված են ԱԱՊ օղակի զարգացմանը:   

Ներքին հիվանդությունների տարեկան գիտաժողովի 2 օրերի ընթացքում ներկայացվեցին առողջապահության ոլորտում տեղի ունեցող նորագույն բուժական մեթոդներ և չափորոշիչներ։ Զեկուցողներն էին՝ Առողջապահության նախարարության տարբեր մասնագիտությունների գծով խորհրդատուները, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ամբիոնների վարիչներ, առողջապահական համակարգի մի շարք առաջատար բժիշկներ:

Երկօրյա գիտաժողովին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր մարզերի և մայրաքաղաքի  պոլիկլինիկաների բուժաշխատողները՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ, լյարդաբաններ, թոքաբաններ, որոնց շնորհվեց 16 տեսական կրեդիտ: 

Միջոցառումն անցկացվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Հավելենք, որ ազգային մակարդակի նմանատիպ գիտաժողովները կրելու են շարունակական բնույթ: