«Հղիության առաջին և երկրորդ եռամսյակների ՈւՁՀ ժամանակակից մոտեցումները»
«Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև Պտղի բժշկության 2022-2025 թթ. ծրագրի մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է «Պտղի բժշկության հիմնադրամի» գիտագործնական անվճար դասընթացը:
«Հղիության առաջին և երկրորդ եռամսյակների ՈւՁՀ ժամանակակից մոտեցումները» խորագրով երկօրյա գիտագործնական դասընթացը նվիրված է պտղի բժշկության ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումներին ու հնարավորություններին:
Հույն գործընկերների հետ համագործակցության սկիզբն ազդարարող միջոցառմանը ներկա էր առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Իր ողջույնի խոսքում նա կարևորեց ներարգանդային ախտորոշիչ ծառայությունների զարգացմանը խթանող նախաձեռնությունը և հավելեց, որ մոտ ապագայում Հայաստանում կգործի Պտղի բժշկության կենտրոն, որը կտեղակայվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:
ԱԱԻ-ի Մանկաբարձության գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Պտղի բժշկության հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում ձևավորվում է պրենատալ բժշկության ոլորտ: Ի դեպ, հույն գործընկերները Հայաստանին նվիրաբերել են վերջին դասի ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներ: Ախտորոշիչ նոր հնարավորությունների օգնությամբ կփրկվեն կյանքեր՝ սկսած ներարգանդային շրջանից: