IMCA6-ի պաշտոնական մեկնարկը
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը պաշտոնապես հայտարարվեց բացված: Բժշկագիտության համահայկական խոշորագույն իրադարձությունն ավանդաբար 4 տարին մեկ անգամ Երեւանում հյուրընկալում է Արցախի եւ Սփյուռքի, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության ոլորտի անվանի մասնագետներին։ Գլխավոր նպատակն է զարգացնել և ամրապնդել աշխարհի հայ բժիշկների համագործակցությունը, քննարկել առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրներն ու գերակայությունները, կիսվել գիտական նվաճումներով և ոլորտում իրականացված բարեփոխումներով:
Այս տարվա կարգախոսն է` «Միասին կարող ենք ավելին»: Համախմբվածության ուժով ոլորտի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունն իր ողջույնի խոսքում կարեւորեց նաեւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով աշխարհասփյուռ հայ գործընկերների հետ համագործակցության արդյունավետությանը։
Համագումարի համանախագահ Գեւորգ Յաղջյանն ընդգծեց նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական ներգրավվածությունը` ներկայացնելով IMCA6-ի շուրջ 380 աբստրակտներ ներառող «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես»-ը, որի լույս ընծայումը հնարավոր է դարձել ԱԱԻ-ի ջանքերով։
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը՝ ներառելով 23 սատելիտային սիմպոզիումներ: