«Վաղ հայտնաբերումից մինչև կյանքի վերջ. միջառարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը»
Մարտի 22-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց սեմինար՝ «Վաղ հայտնաբերումից մինչև կյանքի վերջ. միջառարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը» թեմայով։ Այն նախաձեռնել էր «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ:
Սեմինարը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ կյանքից հեռացած անվանի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովի, ով դեռևս 2002 թ-ին Հայաստանում հիմնել է Ալցհայմերի ասոցիացիան ու ակտիվ գործունեություն ծավալել նման խնդիրներ ունեցող մարդկանց բուժման գործում:
ԱԱԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամսոն Խաչատրյանը բացման խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ մաղթելով արդյունավետ գիտագործնական հանդիպում: Ալցհայմերի հիվանդության տարբեր դրսևորումների ուսումնասիրությունը, վաղ հայտնաբերմանն ուղղված քայլերից մինչև ամբողջ կյանքի ընթացքում համապարփակ խնամքի ապահովում՝ այս թեմայով ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը, ԱԱԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամսոն Խաչատրյանը, ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը և այլոք։
Կրեդիտավորված սեմինարին մասնակցում էին նյարդաբաններ, հոգեբույժներ, հոգեբաններ, ԱԱՊ օղակի բժիշկներ, կրտսեր բուժաշխատողներ, սոցաշխատողներ, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդություն ունեցողների հարազատներ, ովքեր ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով ու բուժման հաջողություններով: