Ռինոպլաստիկայի միջազգային II կոնգրես
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց Ռինոպլաստիկայի միջազգային II կոնգրեսը։ Կոնֆերանսի բացմանը ներկա էին ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի վարիչ Կարեն Պետրոսյանը և ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր կոնֆերանսի մասնակիցներին մաղթեցին արդյունավետ ու հագեցած աշխատանք։
Եռօրյա կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի շուրջ 90 քիթ-կոկորդ-ականջաբաններ, դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժներ, որոնց համար այս նախաձեռնությունը ռինոպլաստիկայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին, վերջին նորություններին ու մոտեցումներին ծանոթանալու լավ հնարավորություն է:
Իսպանիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Վրաստանի անվանի ռինովիրաբույժները կոնֆերանսի շրջանակներում հայ գործընկերների հետ կկիսվեն իրենց փորձով՝ կկարդան շուրջ 10 դասախոսություն, կկատարեն քթի առաջնային ու երկրորդային 6 վիրահատություն` «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ուղիղ հեռակապով։
Հայ մասնագետների համար այս կոնֆերանսը բավական սպասված ու կարևոր է, քանի որ Երևանը վերջին տարիներին ձեռք է բերել ռինոպլաստիկայի համաշխարհային կենտրոնի համբավ՝ իրականացվող վիրահատությունների մեծ ծավալի պատճառով, ինչը կրկնակի պարտավորեցնող է, և ենթադրում է միջազգային լավագույն փորձին պարբերաբար հաղորդակցվելու հնարավորություն։
Կոնֆերանսի մասնակիցներին կշնորհվի 24 տեսական կրեդիտ։