Հուշագիր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի (UNAIDS) և ՀՀ ԱՆ ԱԱԻ միջև
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի (UNAIDS) և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին եւ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ստորագրեցին փաստաթուղթ, ըստ որի ԱԱԻ-ն կսկսի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրերի նոր փուլ՝ միանալով մինչև 2030 թվականը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, որպես հանրային առողջության սպառնալիքի վերացման, գլոբալ նախաձեռնությանը։
Էյմոն Մերֆին ընդգծեց, որ Առողջապահության ազգային ինստիտուտը, որպես գիտահետազոտական և կրթական հաստատություն, վճռորոշ դեր է կատարում Հայաստանի առողջապահության ոլորտի առաջխաղացման գործում, և նոր հուշագիրը կոչված է այդ ներուժի օգնությամբ նպաստել խարանի ու խտրականության վերացմանը` բուժաշխատողների շրջանում կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Այդպիսով Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք: