Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անառողջ սննդի վնասակար ազդեցությունը հանրային առողջապահական գլոբալ խնդիրներից մեկն է հանդիսանում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, վերջին տարիներին անառողջ սննդի օգտագործումը համաճարակային բնույթ է կրում՝ վնասակար ազդեցություն թողնելով սպառողների առողջության վրա։
Անառողջ սննդի վնասակար ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հարուստ է հագեցած ճարպերով, տրանսճարպերով, նատրիումով (աղով), շաքարով, որոնք ավելացնում են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը, մասնավորապես, ավելոդ քաշի և ճարպակալման, 2 տիպի շաքարային դիաբետի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների (սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային արյան բարձր ճնշում, ինսուլտներ) և ավելի քան 13 տեսակի չարորակ հիվանդությունների։
ԱՀԿ աջակցությամբ 2023թ․ մեկնարկվել է Feedcities հետազոտությունը, որի նպատակն է ուսումնասիրել արագ սննդի վնասակար ազդեցությունն ազգաբնակչության առողջության վրա։ Հետազոտությունն իրականացվում է ԱՀԿ փորձագետների և ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ համատեղ։
Հարկ է նշել, որ նման լայնածավալ, միջգերատեսչական՝ միջազգային չափանիշների համաձայն հետազոտություն ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ։
Համագործակցության ընթացքում ուսումնասիրվել է սննդամթերքում տրանսճարպերի և աղի պարունակության վերաբերյալ տեղային և միջազգային հետազոտությունների արդյունքներն ու փորձը։
ԱՀԿ Feedcities հետազոտության պահանջներին համաձայն, ՀՀ ԱՆ և ԱԱԻ-ի փորձագետները տեղայնացրեցին հետազոտության իրականացման մեթոդաբանությունը։
Հետազոտության շրջանակում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման ոլորտում գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվելու է սննդամթերքի նմուշների լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է սննդամթերքում տրանսճարպերի և աղի պարունակության, ինչպես նաև էներգետիկ արժեքի գնահատումը։
Հետազոտության լաբորատոր բաղադրիչի իրականացման նպատակով, օգոստոսի 6-ին և 7-ին ԱՀԿ փորձագետների՝ Պորտուգալիայի Ռիկարդո Խորխեի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ՝ Կարլա Մոտայի և Բելգայի Գենտի համալսարանի դոցենտ՝ Ժերար Բրայան Գոնսալեսի կողմից «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվեց դասընթաց, որի շրջանակներում քննարկվեցին հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ԱՀԿ կողմից ընդունելի նորագույն մեթոդներն ու համակարգերը, ինչպես նաև իրականացվեց լաբորատոր կարողությունների զարգացում։
Հետազոտության արդյունքները կնպաստեն բնակչության շրջանում առողջ սնուցման խթանմանն ուղղված քաղաքականության մշակմանը։