ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպում
ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախաձեռնված բարեփոխումները անցնում են գործնական իրագործման փուլ: Ասիական Զարգացման Բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարիների կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսին են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը:
Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում 2021 թվականից: Այդ նպատակի իրագործման համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, Ասիական Զարգացման Բանկի (ADB) առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, հաստատված մեթոդաբանության համաձայն, իրականացնում է բժշկական ծառայությունների նորմատիվային գների հաշվարկում, ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ստանդարտ ծախսերը: Ծախսերի գնահատումը պետք է իրականացվի միջազգային լավագույն փորձի և ՀՀ-ում առկա լավագույն փորձի համադրման միջոցով: Այս աշխատանքների ամփոփման, արդյունքների ներկայացման և հաստատման համար ս.թ.-ի մայիսի 6-ին մեկնարկեց եռօրյա աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցող միջազգային խորհրդատուները կներկայացնեն միջազգային լավագույն փորձը, կգնահատեն առանձին ծառայությունների համար կազմված կլինիկական ստանդարտների օրինակներ: ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, ով կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, վստահ է, որ աշխատանքային քննարկումների արդյունքում առողջապահության նախարարության խորհրդատուները, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները կլրամշակեն գործող կլինիկական ուղեցույցներն ու սխեմաները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծառայությունների գների հաշվարկման համար: