Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առանց ծխախոտի համաշխարհային օր

Մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և գործընկերները նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Ամենամյա միջոցառումները հնարավորություն են տալիս բարձրացնելու ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ներգործության վնասակար և մահացու հետևանքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև կանխել ցանկացած ձևով ծխախոտի օգտագործումը։

2019-ի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է. «Ծխախոտը և թոքերի առողջությունը»։ Միջոցառումները իրազեկում են, թե՝

ինչ բացասական ազդեցություն ունի ծխախոտը մարդկանց թոքերի վրա՝ քաղցկեղից մինչև քրոնիկ շնչառական հիվանդություններ,

ինչ հիմնարար դեր են խաղում թոքերը մարդկանց առողջության և լավ ինքնազգացողության համար։

Փաստ է, որ ծխախոտն ազդում է մարդկանց թոքերի առողջության վրա: Դրանք են՝

Թոքի քաղցկեղ. Ծխախոտի օգտագործումը թոքի քաղցկեղի հիմնական պատճառն է, ինչը կազմում է ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղի հետևանքով մահացությունների երկու երրորդը։ Երկրորդային ծխի առկայությունը տանը կամ աշխատավայրում նույնպես բարձրացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ծխելը թողնելով մարդը կարող է նվազեցնել թոքի քաղցկեղի հավանականությունը․ ծխելը թողնելուց հետո 10 տարվա ընթացքում թոքի քաղցկեղի հավանականությունը նվազում է մոտ երկու անգամ։

Քրոնիկ շնչառական հիվանդություններ. Ծխախոտի օգտագործումն այն գլխավոր գործոններից է, որ կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ), որի դեպքում թոքերում թարախային լորձի կուտակումը հանգեցնում է ցավոտ հազի և շնչառական դժվարությունների։ ԹՔՕՀ-ի զարգացման վտանգը բարձր է հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սկսում են ծխել վաղ տարիքում, քանի որ ծխախոտի ծուխը զգալիորեն դանդաղեցնում է թոքերի զարգացումը։ Ծխախոտը նաև խորացնում է ասթման, ինչը սահմանափակում է մարդու ակտիվությունն ու հանգեցնում հաշմանդամության։ Ծխելու վաղ դադարեցումը ԹՔՕՀ-ի զարգացումը դանդաղեցնելու և ասթմայի ախտանիշները բարելավելու ամենից արդյունավետ միջոցն է։

Ողջ կյանքի ընթացքում. Այն երեխաները, որոնք մոր ակտիվ կամ պասիվ ծխելու հետևանքով ներարգանդային շրջանում ենթարկվել են ծխախոտի ծխում առկա տոքսինների ազդեցությանը, հաճախ ունենում են թոքերի աճի և ֆունկցիայի նվազում։ Ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության դեպքում կա վտանգ, որ փոքր երեխաների մոտ կզարգանան և կսրվեն ասթման, թոքաբորբը և բրոնխիտը, ինչպես նաև հաճախակի կլինեն ստորին շնչառական ուղիների վարակները։

Համաշխարհային գնահատականների համաձայն՝ երկրորդային ծխի պատճառով ստորին շնչառական ուղիների վարակներից 165000 երեխա մահանում է մինչև 5 տարեկանը։ Իսկ նրանք, ովքեր հասնում են մեծ տարիքի, շարունակում են տառապել երկրորդային ծխի ազդեցության հետևանքներից, քանի որ վաղ հասակում ստորին շնչառական ուղիների հաճախակի վարակները նշանակալիորեն մեծացնում են ԹՔՕՀ-ի զարգացման վտանգը հասուն տարիքում։

Տուբերկուլոզ. Տուբերկուլոզը (ՏԲ) վնասում է թոքերը և նվազեցնում դրանց ֆունկցիան, ինչն ավելի է խորանում ծխելու հետևանքով։ Աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը լատենտ ՏԲ ունի, ինչի պատճառով ենթակա է ակտիվ հիվանդության զարգացման վտանգին։ Ծխող մարդիկ երկու անգամ ավելի հակված են ՏԲ-ով հիվանդանալու, քան չծխողները։ Ակտիվ ՏԲ-ն, խորանալով թոքերի առողջության համար ծխախոտի ծխի կործանարար ազդեցությունից, զգալիորեն մեծացնում է հաշմանդամության և շնչառական անբավարարության հետևանքով մահացության վտանգը։

Օդի աղտոտվածություն. Ծխախոտի ծուխը շենքի ներսում օդի աղտոտվածության շատ վտանգավոր ձև է: Այն պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից 69-ը հայտնի են որպես քաղցկեղածին նյութեր։ Չնայած որ ծուխը կարող է անտեսանելի և անհոտ լինել, բայց այն մինչև հինգ ժամ մնում է օդում՝ ստեղծելով թոքի քաղցկեղի, քրոնիկ շնչառական հիվանդությունների և թոքերի ֆունկցիայի նվազման վտանգ։

Առանց ծխախոտի միջազգային օրվա նպատակներն են.

Թոքերի առողջությունը բարելավելու ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության կրճատումն է։ Սակայն որոշ երկրներում հանրության լայն շրջանակներում և հատկապես ծխողների շրջանում մարդկանց թոքերի առողջության վրա ծխելու և երկրորդային ծխի ազդեցության մասին գիտելիքները ցածր մակարդակի վրա են։ Չնայած թոքերի առողջությանը ծխախոտի պատճառած վնասների վերաբերյալ համոզիչ ապացույցների, թոքերի առողջությունը բարելավելու համար ծխախոտի դեմ պայքարի ներուժը շարունակում է թերագնահատված լինել։

Ծխախոտի և թոքերի առողջության համընդգրկուն թեման կարևոր նշանակություն ունի նաև այլ գլոբալ գործընթացների համար, ինչպիսին են, օրինակ, առողջության որակը լավացնելու համար ոչ վարակիչ հիվանդությունների, տուբերկուլոզի և օդի աղտոտվածության դեմ պայքարելու միջազգային ջանքերը։ Դա հնարավորություն է տալիս ներգրավելու տարբեր բնագավառների շահագրգիռ կողմերի, իսկ երկրներին թույլ է տալիս սաստկացնել ծխախոտի դեմ պայքարի MPOWER ստուգված միջոցները, որոնք ներառված են Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայում (ԱՀԿ ԾՊՇԿ)։


Գործելու կոչ

Թոքերի առողջությունը ձեռք չի բերվում միայն հիվանդության բացակայությամբ, և ծխախոտի ծուխը լուրջ հետևանքներ ունի թե ծխողների, թե չծխողների թոքերի առողջության համար։

Մինչև 2030 թվականը ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունները մեկ երրորդով նվազեցնելու Կայուն զարգացման նպատակին (ԿԶՆ) հասնելու համար ծխախոտի դեմ պայքարը պետք է առաջնահերթություն դառնա ամբողջ աշխարհի կառավարությունների և համայնքների համար։ Ներկայումս աշխարհը չի ընթանում այդ նպատակին հասնելու ուղով։

Պետությունները պետք է արձագանքեն ծխախոտային համաճարակին՝ ԱՀԿ ԾՊՇԿ-ն ամբողջությամբ իրականացնելու և MPOWER-ի միջոցները ռեալիզացման ամենաբարձր աստիճանով ընդունելու միջոցով։ Դա ընդգրկում է ծխախոտի դեմ պայքարի ամենից արդյունավետ մարտավարությունների մշակումը, իրականացումն ու գործադրումը՝ ուղղված ծխախոտի պահանջարկի նվազեցմանը։

Ծնողներն ու համայնքի այլ անդամները նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց և իրենց երեխաների առողջությունը բարելավելու համար՝ պաշտպանելով նրանց ծխախոտի պատճառած վնասներից։