Ուռուցքաբանության ոլորտին նպաստող 2 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև:
Երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է:
«Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», - ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության` ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում:
«Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 անգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը թե' վիրահատական, թե' ճառագայթային թերապևտիկ, թե' քիմիաթերապևտիկ ուղղություններով», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար: