Մեկնարկել է Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը
Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովը բացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ ցանկացած հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առողջապահության համակարգի զարգացման համար:
«Ուրախ եմ փաստել, որ մենք առաջընթաց ենք արձանագրել մասնագիտական համագործակցության շրջանակներում և տարբեր ոլորտներում գործնական բժշկության և բժշկական գիտությունների փոխանակման շրջանակներում»,- ասել է Հայաստանի առողջապահության պատասխանատուն: Ապա Արսեն Թորոսյանը թվարկել է վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի ձեռքբերումներն ու բարեփոխումները մեր երկրում:
Համաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառի ներկայիս մարտահրավերները, խնդիրները, փոխանակվել են իրենց ձեռքբերումներով և փորձով, ինչպես նաև անդրադարձել այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին:
Այնուհետև Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ներկայացվել է Հայաստանում ինսուլտի բուժման պետական ծրագիրն ու սանիտարական ավիացիայի ծառայությունը:
Նշենք, որ առաջին հայ-ռուսական առողջապահական համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին Երևանում: Այնուհետև 2015, 2017 և 2018 թվականներին պարբերաբար կայացել են Մոսկվայում և Երևանում:
Վերջիններիս ընթացքում կողմերը ստորագրել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր և համատեղ հայտարարություններ, որոնց շրջանակներում համագործակցություն է ծավալվել առողջապության և բժշկագիտւթյան մի շարք ուղղություններով:
Միաժամանակ, այս համաժողովները հարթակ են հայ և ռուս բժիշկների ու գիտնականների համար` հանդիպելու և քննարկելու առողջապահական և բժշկագիտական մի շարք հարցեր: