Երևանում ընթանում է 28-րդ միջազգային PX տեղեկատու խմբի հանդիպումը
Ամբողջ աշխարհում արմատական նշանակություն ունեն էլեկտրոնային
տվյալների բազաները, որոնք հեշտացնում են վիճակագրական տվյալների օգտագործումը: Այդ
նպատակով ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Առողջապահության Ազգային Ինստիտուտը ներդրել է PX գործիքների
և ծրագրերի միջոցով մշակված էլեկտրոնային տվյալների բազա:
Առողջապահության նախարարությունը մշտապես օգտագործում է էլեկտրոնային
տվյալների բազայի ցուցանիշները հանրային առողջապահական քաղաքականության մշակման գործընթացում:
Այն օգտակար է ոչ միայն քաղաքականություն մշակողների, այլ նաև առողջապահության ոլորտի
մասնագետների, հետազոտողների և այլոց համար։
Նոյեմբերի 12-ին Երևանում բացվել է միջազգային PX տեղեկատու
խմբի 28-րդ երկօրյա հանդիպումը, որին մասնակցում է 40 մասնագետ 12 երկրից: Գիտաժողովի
նպատակն է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր կկիսվեն PX-ընտանիքի տարբեր
գործիքների և ծրագրերի գիտելիքներով, իրենց փորձով և ապագա պլաններով:
PX-ը վեբ-հարթակ է, որը էլեկտրոնային տվյալների բազաներից տեղեկատվություն քաղելու հնարավորություն է ընձեռում ՝ ըստ պահանջվող պարամետրերի։ Քաղված
տվյալները PX-ը կարող է արտահայտել աղյուսակների կամ գրաֆիկների տեսքով։
Ինչպես պարզաբանեց Ասա Արհենը Շվեդիայի, վիճակագրական վարչությունից,
PX -հավելվածը մշակել է Շվեդիայի վիճվարչությունը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ
համագործակցությամբ։
Հայաստանում այս հանդիպման կազմակերպիչը ՀՀ ԱՆ Առողջապահության
ազգային ինստիտուտն է, որը հաջողությամբ կիրառում է PX գործիքը՝ առողջապահական վիճակագրական տվյալների հետ աշխատելիս։
Ինստիտուտի կայքում զետեղված գործիքի օգնությամբ http://109.75.36.126/PXWeb/pxweb/hy/, տվյալների երկու բազաներից՝
Առողջապահական ֆինանսական ցուցանիշներ և Առողջապահական ցուցանիշներ, կարելի է ժամանակային
կամ տարիքային, սեռային, ոլորտային, նոզոլոգիական և այլ կտրվածքներով կատարել տվյալների
ընտրություն՝ հետագա վերլուծության համար։ Այսօր հանրային առողջապահության պատասխանատուները
ոլորտի հետ կապված որոշումներն ընդունում են հենց այդ վերլուծությունների հիման վրա։