«Գուկաս Գյումրի»․ միջոցառում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով
«Գուկաս
Գյումրի»․ միջոցառում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության
մակարդակը բարձրացնելու նպատակով
«Համայնքները
կարող են փոփոխություններ առաջացնել»․ Սա ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի
(UNAIDS) 2019 թվականի կարգախոսն է, որով և առաջնորդվելով դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի
դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ Առողջապահության ազգային ինստիտուտի թիմը, ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական կլինիկայի հետ միասին, ուղևորվեց Գյումրի։
«Գուկաս
Գյումրի»․ այս կրեատիվ անվանումով միջոցառման ընթացքում
կազմակերպիչները խոսեցին այն մասին, թե ինչու է պետք լինել իրազեկված ՄԻԱՎ կարգավիճակի
մասին, և ինչու չի կարելի խարանել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Միջոցառումը վարում էր
«Եղիր տեղեկացված» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը։
Խտրականության
խնդիրը, ինչպես նշեց լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լենա Նանուշյանը, մեզանում բավականին արդիական է․ վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է
տվել, որ մեր հայրենակիցների գերակշիռ մասը անգամ միրգ ու բանջարեղեն չի գնի ՄԻԱՎ-ով
վարակված մարդուց։
Ինչո՞ւ բարձրացնել իրազեկվածությունը
Իր ելույթում
փոխնարարը նշեց, որ շատերն այսօր Հայաստանում կարծում են, որ ՄԻԱՎ-ը իրենց ոչ մի կերպ
չի առնչվում։ Բայց վիճակագրությունը փաստում է, որ ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից
բացի, Հայաստանում խոցելի են նաև աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքի անդամները։
Իսկ այդ հիվանդությունը հայտնաբերելու միակ ձևը արյան հատուկ հետազոտությունն է, որն
էլ իրականացնում է շարժական կլինիկան՝ անանուն և անվճար։
Ինչո՞ւ անցնել թեստավորում
Ինչպես
պարզաբանեց Լենա Նանուշյանը, թեստավորման միջոցով կարելի է իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը,
և վիրուսի հայտնաբերման դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ անվճար բուժում, որն
իրենց երկար և առողջ ապրելու հնարավորություն կընձեռի, և թույլ կտա ապրել որակյալ կյանքով
այնքան, ինչքան ապրում են չվարակված մարդիկ։
Պետք է ձեւավորել նոր մշակույթ
ՄԱԿ-ի
ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը իր
ելույթում նշեց, որ հանրության մեջ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ, ստեղծել հանդուրժողականության
մթնոլորտ, որպեսզի որևէ մեկն, անկախ կարգավիճակից, խարանի և խտրականության չենթարկվի՝
իր առողջության իրավունքը իրացնելիս։ Նա նաև նշեց, որ այս խնդրի լուծման համար շատ
կարևոր են կրթական, այդ թվում, բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերը։
Երեք հիմնական ձեռքբերումները
«ՀՀ-ում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար Հովհաննես Մադոյանը
առանձնացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային և հայսատանյան հիմնական ձեռքբերումները։
1-Ամենամեծ ձեռքբերումը ՄԻԱՎ-ի հակառետրովիրուսային բուժումն է,
որը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով մարդուն ապրել գրեթե այնքան, որքան կապրի ՄԻԱՎ
վարակ չունեցող մարդը։ Այսօր բուժումը Հայաստանում հասանելի է և տրամադրվում է անվճար,
ամենաարդիական միջազգային ուղեցույցերին համահունչ։
2-ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելումը մորից երեխային, ինչը նշանակում
է, որ ՄԻԱՎ-ով մարդը ոչ մի խոչընդոտ չունի ընտանիք կազմելու և առողջ երեխա ունենալու
համար։ Հայաստանը դրան հասել է 2016 թվականին։
3-Ապացուցվել է, որ ՄԻԱՎ-ի հակառետրովիրուսային բուժումը նաև ՄԻԱՎ-ի
կանխարգելման եղանակ է․ բուժում ստացող մարդու մոտ վիրուսի քանակն այնքան քիչ է, որ այլ անձին փոխանցվելու
հնարավորությունը գրեթե բացառվում է։
Այս ամենի
հետ մեկտեղ շատ կարևոր է, որպեսզի բոլոր ՄԻԱՎ վարակ ունեցողները հետազոտվեն, իմանան
իրենց կարգավիճակը, և ստանան բուժում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության վերաբերմունքի
փոփոխություն։
ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցվելու հավանականությունը
Գյումրու
ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Հակոբ Մելոյանը պարզաբանեց, որ հղիության ընթացքում պտղի
վարակվելու հավանականությունը 5-10% է, ծննդաբերության ժամանակ՝ 20%, կրծքով կերակրելու
ժամանակ՝ 10-15%: Իսկ եթե կինը ժամանակին ստանում է հակառետրովիրուսային դեղերը, ապա
նա կարող է ունենալ լիովին առողջ երեխա։
«Հետապնդեք վիրուսին, ոչ մարդկանց»
Միջոցառման
ընթացքում ցուցադրվեցին UNAIDS-ի, UNESCO-ի և «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների
և դեռահասների առողջության ինստիտուտի, ինչպես նաև «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի կողմից ստեղծված
սոցիալական ֆիլմերը, որոնց հիմնական կարգախոսն էր․ «Հետապնդեք վիրուսին, ոչ մարդկանց»։
Ֆիլմերը
իրազեկում են ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ճանապարհների, կենցաղում դրանով վարակվելու
անհնարինության և խտրական վերաբերմունքի անթույլատրելիության մասին։ Ֆիլմերից մեկը
ՄԻԱՎ-ով ապրող հայաստանցու իրական պատմություն է։
Միջոցառման
ավարտին կազմակերպվեց Quiz՝ հարցուպատասխան, և ՄԻԱՎ-ի մասին հարցերին ճիշտ պատասխաններ
տվողները պարգևատրվեցին շապիկներով և «Զիփլայնի» տոմսերով։
ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց
հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 76%-ը
(2589) գիտեր իր կարգավիճակի մասին, նրանցից հակառետրովիրուսային բուժում ստանում էր
72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ
85%-ը (1585): ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: