Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախատոնական հանդիպումը ԱԱՒ-ի կլինիկական օրդինատորների հետ
Տարեմուտի տոներին ընդառաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում ունեցավ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրների հետ: Նախարար Թորոսյանը ողջյունելով ներկաներին ասաց, որ կարևորում է նմանօրինակ հանդիպումների կայացումը, քանի որ ապագա բժիշկները հնարավորություն են ունենում «առաջին ձեռքից» լսելու իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Սիրելի գործընկերներ, ուրախ եմ այսօր ներկա գտնվելու այստեղ , անչափ կարևորում եմ երկուստեք շարունակական հանդիպումները, որը նպատակ ունի առավել լսելի դարձնելու ապագա բժիշկների ձայնը:
Առողջապահության ազգային ինստիտուտը գիտելիքի լավագույն դարբնոցներից մեկն է, որտեղից բժշկագիտական ոլորտ են մտնում մրցունակ մասնագետներ: Ինստիտուտը ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները ոլորտը լավագույն կադրերով զինելու համար: Այսօր մեր բոլոր ջանքերը միտված են մրցունակ առողջապահական համակարգի ձևավորմանն ու կայացմանը, իսկ դուք այն մարդիկ եք, ովքեր շատ կարճ ժամանակ անց պիտի կանգնեն ոլորտի առաջնագծում, ուստի մաղթում եմ, որ
2020 թվականը ձեզ համար լինի մասնագիտական հաղթանակների, ինքնակայացման և հաջողությունների տարի»:
Հանդիպման ընթացքում կլինիկական օրդինատորները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղելու նախարարին և ստանալու սպառիչ պատասխաններ: Արսեն Թորոսյանը համապարփակ ձևով պատասխանեց ուսանողների կողմից հնչեցրած բոլոր հարցերին, որոնք ունեին բավականին լայն սպեկտր՝ ռեզիդենտուրական ծրագրի ներդրում, ոլորտային քաղաքականության ուղենշում, առողջապահության ոլորտի մասնագետների նվազ սոցիալական խոցելիություն, առողջապահական ոլորտում սոցիալ-հոգեբանական անհրաժեշտ կենսամիջավայրի ստեղծում:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց առավել մտերմիկ միջավայրում, որպես տարվերջյան ամփոփիչ հանդիպում, նախարար Թորոսյանը շնորհավորական խոսք հղեց բոլոր ներկաներին ՝ հույս հայտնելով, որ
2020 թվականին բոլորի ջանքերը միտված կլինեն մարդակենտրոն առողջապահական համակարգի կայացմանը, ոլորտային բարձր ցուցիչների սահմանմանը, ինչպես նաև շոշափելի ձեռքբերումների արձանագրմանը՝ ի շահ հայրենի պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի :