Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր:
Օրվա խորհուրդը կայանում է նրանում, որ ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռվի չարորակ նորագոյացությունների հետ կապված հիմնախնդիրներին և դրանց հաղթահարմանը:
Համաձայն 2018թ. վիճակագրական տվյալների, ՀՀ
բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության
բեռը կազմել է ավելի քան 80%: Ընդ որում, մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, կազմելով 55.2%,
որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները (ՉՆ)` 20.2%, շաքարային դիաբետը
(ՇԴ)` 2.2% և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕԲ)` 1.5%: Առավել տարածված
ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ (0-65 տարեկան հասակում) մահացությունը կազմում է շուրջ 20%:
2018թ. ԱՀԿ միջազգային փորձագետների կողմից իրականացվել է ՈՎՀ-ի տնտեսական բեռի գնահատում, որի արդյունքում պարզվել է՝ չորս առավել տարածված ՈՎՀ-երի հետ կապված ընդհանուր գնահատված ծախսերը (ուղղակի և անուղղակի ծախսեր) 2017թ. դրությամբ կազմել են 362,7 մլրդ դրամ (ՀՆԱ-ի
6.5%): ՉՆ-ի տնտեսական վնասը (ուղղակի և անուղղակի ծախսեր) կազմել է
98.1 մլրդ դրամ, պետական ծախսը`
9.1% (8 մլրդ դրամ):
Համաձայն 2018թ. ԱՀԿ
տվյալների, աշխարհում տարեկան արձանագրվում է շուրջ 12 մլն քաղցկեղի նոր դեպք և
9,6 մլն մահացության դեպք: Յուրաքանչուր 6-րդ մահվան դեպքը պայմանավորված է ՉՆ-ով:
Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի 70% գրանցվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (ԱՀԿ, 2017թ.):
ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ, համապատասխան կանխարգելիչ, բուժմանը և ախտորոշմանն ուղղված միջոցառումների ոչ լիարժեք իրականացման դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդությունների նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն., իսկ մահերի թիվը` 17 մլն:
2018թ. ՀՀ-ում գրանցվել է ՉՆ-ով պայմանավորված
5199 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.2%, այսպիսով, ՀՀ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մահանում է ՉՆ-ի պատճառով: ՉՆ-ից առաջացած վաղաժամ մահացությունը կազմում է 38% (1981 դեպք), որը զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (56%, 1108 դեպք, կանայք` 44%/873):
ՉՆ-ից մահացության դեպքերը 2018թ.-ին (5199), 1990թ.-ի (3484) համեմատությամբ, աճել են 1.5 անգամ: Միևնույն ժամանակ 2018թ.-ին, 2017թ.-ի (5550) համեմատությամբ՝
նվազել են 351 դեպքով (6%):
Համաձայն ԱՀԿ «Health for all» («Առողջություն
բոլորի համար») շտեմարանի տվյալների Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում ՉՆ-ի հետևանքով առաջացած մահացության ցուցանիշները ավելի բարձր են քան Հայաստանում: Տվյալները վերլուծվել են ըստ շտեմարանում հասանելի վերջին`
2016թ. տվյալների հիման վրա:
Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացությունն ավելի ցածր է, քան Հունգարիայում (վաղաժամ մահացությունը կազմել է 110,
բոլոր տարիքային խմբերում՝
226` 100 000 բնակչի հաշվով), Խորվաթիայում (84/206), Լատվիայում
(88/184), Լեհաստանում (191/8), Ռումինայում (98/186),
Մոլդովայում (90/165), Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 77/180:
Վիճակագրական տվյալների վերլուծությունը
փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածվա են` շնչափողի, բրոնխների, թոքի,
ստամոքսի,
լյարդի և ներլյարդային լեղուղիների, շագանակագեղձի ՉՆ-ն, իսկ կանանաց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու,
ստամոքսի :
Մշտապես առողջապահության նախարարության կողմից կարևորվել է չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման
և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը Հայաստանում:
2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է
ՈՎՀ-ի սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի 30-59 տարեկան բոլոր կանայք կարող են անվճար անցնել ՊԱՊ թեստի հետազոտություն: Ծրագրի նպատակն է նպաստել արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը:
2015-2017թթ. 170 հազար կին անցել են ՊԱՊ թեստի հետազոտություն, 2018-2019թթ.` 108 հազար:
Իսկ 2019 թվականի
հունվարի 10-ի Առողջապահության նախարարի թիվ
20-Ա հրամանով չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը, սկսած
2019 թվականի հունվարի 11-ից, ամբողջ բնակչության
համար իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում` առողջապահության նախարարի
հրամանով հաստատված ծառայությունների շրջանակներում:
Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական
ախտորոշումներով տառապող պացիենտների համար
ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, տեռագամ(Teragam) ճառագայթային
սարքով և էլեկտա(Elekta) էլեկտրոնային արագացուցիչով՝
իրականացվում է ամբողջությամբ
պետական պատվերի շրջանակներում՝ անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պետության
կողմից երաշխավորված անվճար և/կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման
շրջանակներում ուռուցքաբանական ծառայության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման
կարգը, ինչը միտված է էապես բարելավելու՝ չարորակ
նորագոյացություններով յուրաքանչուր պացիենտի հիվանդության վարման և բժշկական օգնության
կազմակերպման գործընթացը: