Նոր հարթակ. (Covid -19) օնլայն կոնսիլիում
Հունիսի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Բժշկական
կամավոր միություն ընդդեմ Covid-19-ի, Հայկական բժշկական ասոցիացիայի և ՀՀ-ում գործող
բժշկական տարբեր ասոցիացիաների և մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների
հետ հանդիպում, որի նպատակն էր համատեղ արդունավետ փոխգործակցությամբ ձևավորել մեկ
միասնական հարթակ՝ կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին
սպասարկում ապահովող բուժկենտրոնների և առողջության
առաջնային պահպանման հաստատությունների համար:
Հանդիպման սկզբում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
Ալեքսանդր Բազարչյանը ողջունելով ներկաներին ասաց, որ օնլայն կոնսիլիում հարթակի ստեղծման
նպատակն է՝ հաղթահարել նոր կորոնավիրուսային համավարակը՝ մասնագիտական ներուժի միավորմամբ.
«Օնլայն կոնսիլիումը հրաշալի հարթակ է միավորելու և օգնության «դաշտ» դառնալու բուժհաստատությունների
համար: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում գործող բոլոր մասնագիտական ՀԿ-ներին և
ասոցիացիաներին պատրաստակամ համագործակցության համար: Օնլայն կոնսիլիումի նպատակն է
մասնագետների կողմից իրականացնել ոչ միայն խորհրդատվական , այլև տակտիկական գործողություններ,
որոնք կնպաստեն արդյունավետ պայքար մղել նոր կորոնավիրուսային համավարակի դեմ»:
(Covid -19) օնլայն կոնսիլիումի շրջանակներում կստեղծվեն հարթակներ, որտեղ մասնագետները
կարող են քննարկել կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների դեպքերը և ավելի արդյունավետ
դարձնել բուժումը: Կոնսիլիումի կազմում ներգրավված են լինելու՝ բժիշկ -համակարգողներ
,բժիշկ- խորհրդատուներ, տեխնիկական համակարգողներ և իհարկե, յուրաքանչյուր բուժհաստատությունից
ներկայացուցիչ :
Կոնսիլիում հրավիրելու ընթացակարգը գործելու է հետևյալ մեխանիզմով՝
հիվանդանոցի ներկայացուցչի կողմից բժիշկ համակարգողին հայտի ներկայացում և վարակակրի
տվյալների տրամադրում, այնուհետև բժիշկ համակարգողը կապ է հաստատելու բժիշկ-խորհրդատուների
հետ և տրամադրի վարակակրի տվյալները, որից հետո տեխնիկական համակարգողը պետք է տրամադրի
կոնսիլիումի միացման տվյալները և նշված ժամից 15 րոպե առաջ բացվի համակարգը: Կոնսիլիումի
ընթացքում բժիշկ-համակարգողը գրի է առնում մասնակցած բժիշկների եզրակացությունները,
որոնք ձայնագրվելու են և փաստաթղթերի հետ միասին արխիվացվելու:
(Covid -19) օնլայն կոնսիլիում հարթակի շրջանակներում իրականացվելու
են նաև բժշկական ուղեցույցների մշակում, բժիշկների բազաների ստեղծում, տեխնիկական ուղեցույցներ
և տեսահոլովակների պատրաստում: