Սասնա ծռեր էպոսը բժշկագիտության մեջ. ԱԱԻ նյարդաբանության եվ նեյրովիրաբուժության ամբիոն
Ուրախ ենք կիսվել ձեզ հետ հաճելի գիտական նորությամբ, որը մեզ հասել է ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնից։
Պաշտոնապես հրատարակվել է ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ (սոմնոլոգ) Սամսոն Խաչատրյանի «Կլայն-Լևինի համախտանիշի հնարավոր նկարագրություն Սասնա Ծռեր հայկական միջնադարյան էպոսում» գիտական հոդվածը բարձր վարկանիշ ունեցող Sleep Medicine բժշկագիտական պարբերականում (Քնի բժշկության համաշխարհային միության պաշտոնական ամսագիր)։
Հոդվածի համահեղինակն է նյարդաբան և քնի խանգարումների հռչակավոր մասնագետ Հրայր Աթարյանը (Չիկագո, ԱՄՆ), ով Նորթվեսթերն համալսարանի բժշկության քոլեջի նյարդաբանության պրոֆեսոր է և քնի խանգարումների կենտրոնի տնօրեն։
Դուք բացառիկ հնարավորություն ունեք մինչ հոկտեմբերի 16-ը ներբեռնել այդ հոդվածի ամբողջական անգլերեն տարբերակը հետևյալ հղումով.
https://authors.elsevier.com/a/1bePn4y2NqwctZ
Բոլորի կողմից սիրված Սասնա Ծռեր էպոսը այս դեպքում ուրույն հետաքրքրություն է ներկայացրել նյարդաբանության և քնի բժշկության տեսանկյունից։
Բոլորը կհիշեն, որ դրվագներից մեկում Մսրա Մելիքը՝ Սասունցի Դավթի թշնամին, քնած է խորը քնով, որը հնարավոր չէ ընդհատել, մինչ ինքը՝ Մսրա Մելիքը չլրացնի իր 7-օրյա քունը։ Երբ Սասունցի Դավիթը պետք է մենամարտի Մսրա Մելիքի դեմ, նրան հայտնում են, որ Մելիքը 3 օր է ինչ քնած է, և դեռ 4 օր էլ պետք է քնի, այսինքն նրա շջապատին լավ հայտնի է, որ Մելիքին ժամանակ է անհրաժեշտ 7-օրյա քունը լրացնելու համար։
Նկարագրված քնի տևողությունը, պարբերականություն ունենալու փաստը և այլ ախտանիշներ հստակ նկարագրված են էպոսում և գրեթե ամբողջությամբ արտացոլում են ժամանակակից բժշկության մեջ նկարագրված Կլայն-Լևինի համախտանիշի կլինիկական պատկերը։
Կլայն-Լևինի համախտանիշը հանդիպում է շատ հազվադեպ՝ միլիոնին 1-2 հիվանդ։ Կլայն-Լևինի համախտանիշով հիվանդները ունենում են երկարատև քնի դրվագներ՝ օրվա մեջ 15-21 ժամ անցկացնելով քնած։ Նման վիճակը տևում է շաբաթներ, սակայն հետո ունենում են նորմալ
հատվածներ, կարծես ոչ մի բան չի եղել։ Քնկոտությանը գումարվում են ծայրահեղ հոգնածությունը, անհագ սնվելը, գերակտիվ սեռական վարքագիծը։
Սա պատմության մեջ Կլայն-Լևինի համախտանիշի առաջին նկարագրված դեպքն է։ Ւնչն էլ ավելի բարձրացնում
է հոդվածի նկատմամբ հետաքրքրությունը նաև հայկական մշակույթին անծանոթ մեծ թվով քնի
բժշկության մասնագետների կողմից։ Այն կնպաստի աշխարհով մեկ հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացմանը՝ դարձնելով ընթերցողին մասնակից մեր պատմությանը, կհամախմբի հայ և օտարերկրյա բժիշկ մասնագետներին, և կնպաստի Հայաստանում քնի բժշկության և գիտության զարգացմանը։ Դրան են նպաստում նաև հոդվածում օգտագործված Հակոբ
Կոջոյանի հայտնի «Սասունցի Դավիթ» նկարն ու բժշկական թեմային համապատասխանող դրվագը։
Առավելևս ուրախ ենք, որ հոդվածի հեղինակը ներկայացնում
է Առողջապահության ազգային ինստիտուտն ու բարձր է պահում մեր հաստատության պատիվը միջազգային
ասպարեզում։
Շնորհավորում ենք և մաղթում նոր գիտական նվաճումներ։