Ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ.

 

Այսօր ԱԱԻ կողմից ՀՀ Առողջապահության նախարարին ներկայացվեց անցած ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում նախատեսված կատարվելիք  աշխատանքները։ Քննարկվեցին առաջիկայում իրակացվող ծրագրերը։

Անցած  երկուսուկես ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակել է հիմնական գործառույթների իրականացումը` առանցքում ունենալով  տվյալ ժամանակահատվածի  հրամայականը:

Ամիսներ շարունակ, ԱԱԻ-ը  իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու կորոնավիրուսային համավարակի դեմ իրականացվող պայքարին: Մանավորապես՝ իրականացվող  դասընթացների շրջանակներում  տրամադրվում  են  գիտելիքներ և հմտություններ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, նմուշառման տեխնիկայի, ՊՇՌ հետազոտության, արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում COVID-19 դրական պացիենտների բուժօգնության  վերաբերյալ, ինչպես նաև նեղ մասնագիտական միջազգային և տեղական վեբինարների շարք՝ նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ, մասնավորապես, «COVID-19 և Վիտամին Դ», «COVID-19 և շաքարային Դիաբետ», «COVID-19 դրական հիվանդների բուժքույրական գնահատում», «COVID-19. Վաղ փորձառություն և թարմացված ուղեցույց»,  «Հոգեկան առողջություն և COVID-19», «Ռևմատոլոգիա և COVID-19» և այլն: 

Ընդհանուր վերոնշյալ դասընթացներին մասնացել են  2000-ից ավել մասնագետներ:

Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին պատշաճ բժշկական օժանդակություն տրամադրելու և փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ԱԱԻ-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ  նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մի քանի հարյուր  բուժաշխատողներ:


ՀՀ ԱՆ ԱԱԻ կողմից շարունակվել են նաև այլ աշխատանքներ. 

 

Մասնավորապես՝ «Առողջապահության ազգային հաշիվներ», «Մոր և մանկան ազգային զեկույց», «Առողջություն և առողջապահություն», «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» զեկույցների մշակում, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակում,  բուժաշխատողների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև համապատասխան ամբիոններում օրդինատուրայի ընդունելություն:

Ներկայումս ավարտվել են նաև, ԱԱԻ-ին՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացման իրավական աշխատանքները: Գործընթացը բացառապես միտված էր  առավել ամրապնդելու ԱԱԻ-ի գիտակրթական հենքը,  կլինօրդինատորներին հնարավորություն ընձեռելով ՝  հարստացնել իրենց   մասնագիտական գիտելիքները: Ժամանակակից և հարուստ գրադարանային նյութերը  ընթերցողին  առավել հասանելի դարձնելու համար, առաջիկայում կմեկնարկեն   գրադարանային ֆոնդի թվայնացման աշխատանքերը:

Հ.Գ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից,  ԱԱԻ-ի բազմաթիվ կլինօրդինատորներ և աշխատակիցներ  սեփական  նախաձեռնությամբ մեկնեցին առաջնագիծ՝  զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը: