Շաքարային դիաբետի միջազգային շաբաթ
Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող
հիվանդություն է:
1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի
14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:
Այս տարի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 14-ից 20-ը հայտարարվել է
շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների
կանխարգելման շաբաթ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը բևեռել
շաքարային դիաբետի հիմնախնդիրներին և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը
հիվանդության վերաբերյալ:
Ինչպես Հայաստանի, անպես էլ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի
երկրների առողջապահության համակարգերի գերակա խնդիրներից են` բարելավել ՇԴ հիվանդների
բուժման արդյունավետությունը, կանխել բարդությունների առաջացումը, ներդնել
դիաբետիկ ռետինոպաթիայի սքրինինգային ծրագրեր` կանխելով ՇԴ հիվանդների տեսողության
խանգարումը և կորուստը:
Նոյեմբերի 18-ին ԱԿՀ կողմից կազմակերպված դիաբետիկ
ռետինոպաթիաների սքրինինգների իրականացման վերաբերյալ համաժողովին ներկայացվել է
Հայաստանի փորձը (Country story Armenia):
ԱՀԿ կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն`
աշխարհում.
- ՇԴ հիվանդների 1/3 մոտ առկա է դիաբետիկ ռետինոպաթիա
- ՇԴ հիվանդների թիվը 1980 թվականի 108 միլիոնից 2014 թվականին հասել է
422-ի,
- 18-ից բարձր տարիքի բնակչության շրջանում ՇԴ տարածվածությունը 1980
թվականի 4.7 %-ից 2014-ին հասել է 8.7 %-ի,
- ՇԴ տարածվածությունը զգալիորեն արագ է աճում ցածր և միջին եկամուտ
ունեցող երկրներում,
- ՇԴ կուրության, երիկամային անբավարարության, սրտամկանի ինֆարկտների,
ինսուլտների, ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է,
- առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի
պահպանումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը կամ հետաձգել
դրա առաջացումը:
Հայատանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության
և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ, որը հիմնականում պայմանավորված
է բնակչության ռիսկային վարքագծով և մի շարք այլ գործոններով` վաղ հայտնաբերման,
բուժման և այլն:
2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ
բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 96580 (3206.1 ըստ
100 000 բնակչի), կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդների թիվը կազմել է
10098 (340.9), մահվան դեպքերը` 524 (17.7):
COVID-19 տվյալները փաստում են, որ հիվանդության ընթացքը
և այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ուղեկցող
հիվանդություններ` սրտանոթային հիվանդություններ և ՇԴ:
Համավարակի պայմաններում ՇԴ հիվանդներն ավելի վտանգված
են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից և
խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում, ինչն
անթույլատրելի է, ավելին` անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: