Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1988 թվականից ի վեր՝ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Հատկանշական այս օրը նշվում է «Գլոբալ համերաշխություն, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսի ներքո:
Ամիսներ շարունակ ամբողջ աշխարհում մոլեգնող նոր կորոնավիրուսային համաճարակը դարձավ համաշխարհային առողջապահության առաջնային և ամենակարևոր մարտահրավերը: Ինչպես փաստում են ոլորտի պատասխանատունները, covid-19-ը դարձավ լրջագույն սպառնալիք՝ վտանգելով անցած 20 տարիների ընթացքում համաշխարհային առողջապահության ոլորտում արձանագրված նշանակալի ձեռքբերումները: Նոր կորոնավիրուսային համավարակը հստակ ցույց տվեց, որ ցանկացած հիվանդության պարագայում, յուրաքանչյուրի անհատական առողջությունը և անվտանգությունը բացառիկ կարևոր և նշանակալի է՝ կասեցնելու հիվանդության շղթայական տարածումը: Ուստի հասարակության ցանկացած շերտում գտնվող անձինք պարտավոր են դրսևորել անհատական պատասխանատվություն` այն վերածելով համընդհանուր պատասխանատվության:
Ըստ վիճակագրության,աշխարհում այսօր ավելի քան 12 միլիոն մարդ դեռ սպասում է ՄԻԱՎ-ի բուժման, իսկ 1,7 միլիոն մարդ ՄԻԱՎ-ով վարակվել է 2019-ին, քանի որ չի կարողացել օգտվել առողջապահական ծառայություններից:
Covid-19-ի համավարակը պարզապես վեր հանեց հասարակական ընկալումներում առկա բացերը և վաղուց ձևավորված արմատական անհավասարությունները: Հասկանալի է, որ ամբողջ աշխարհում առկա առողջապահական ճգնաժամը ամենից առաջ հարվածելու էր խոցելի և անապահով խավին: Համաշխարհային սպառնալիքը հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ կենսական նշանակություն ունեցող բժշկական օգնության տրամադրումը դարձավ անհամեմատ դժվարամատչելի: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մոբիլիզացվել է ՝ ՄԻԱՎ վարակակիր և այլ խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց պաշտպանելու և կորոնավիրուսին հակազդելու համար:
Ելնելով առկա իրավիճակից, անչափ կարևոր է բնակչության պատասխանատու ներգրավվածությունը՝ դիմագրավելու ժամանակային և առավել հեռու գնացող առողջապահական մարտահրավերներին: Միանշանակ է, որ գլոբալ համերաշխությամբ հնարավոր է նպաստել աշխարհի բնակչության առողջության բարելավմանը:
Գլոբալ համերաշխությունն ու ընդհանուր պատասխանատվությունը մեզանից պահանջում են վերանայել առողջապահական համակարգերը՝ ներառյալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը:
Այսօր , առավել քան երբևէ, հասարակությունում առկա խտրական վերաբերմունքը , այլևս տեղ չպետք է ունենա հանրային ընկալումներում, վերջ պետք է տրվի այս կամ այն հիվանդությամբ վարակակրի մարգինալացմանը:
Այլևս պարզ է, որ առաջիկա ամիսներին համաճարակային իրավիճակը լարված է լինելու, ուստի՝ միայն գլոբալ համերաշխությունն ու ընդհանուր պատասխանատվությունը կօգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսը, հասնել ՁԻԱՀ-ի հնարավոր դադարեցմանը և երաշխավորել առողջության իրավունքը բոլորի համար: