Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օր
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը հանդիսանում են ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների
զարգացման ռիսկի գործոն:
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016թ. ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության
39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի
երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ,
իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:
2019 թվականին ԱՀԿ-ի կողմից իրականացված
հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա տառապում
է ճարպակալմամբ կամ հավելյալ քաշով:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողության կարևորագույն խնդիրներից են:
Համաձայն STEPS ազգային հետազոտության արդյունքների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում:
Տղամարդկանց մոտ ավելցուկային քաշի և ճարպակալման ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 45.4%, իսկ կանանց մոտ` 50.1%: Ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածությունը կանանց մոտ 5%-ով բաձր է: Ավելցուկային քաշն և ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:
Համաձայն ժողովրդագրության
և առողջության հարցերի 2015թ. հետազոտության տվյալների՝ մինչև 5 տարեկան երեխաների
շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ գիրություն: Համաձայն դպրոցահասակ երեխաների
առողջության վարքագծի հետազոտության տվյալների, 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների
18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում
այս թվերը նվազում են՝ հասնելով համապատասխանաբար 6% աղջիկների և 15% տղաների շրջանում:
Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման տեսակետից մեծ նշանակություն ունի սննդամթերքի
ճիշտ ընտրությունը և ընդունման ձևը, քանի որ ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ
քանակությունը կարող է վաթարացնել մարդու առողջությունը: Համաձայն STEPS ազգային հետազոտուիթյան
տվյալների՝ բնակչության 10-ից 4-ն օգտագործում է 1-2 չափաբաժին, ինչն ըստ ԱՀԿ խորհդատվության,
բավարար չէ առողջ սննդակարգի համար և ավելացնում է ՈՎՀ առաջացման ռիսկը:
Համաձայն դպրոցահասակ երեխաների առողջության
վարքագծի հետազոտության տվայլների (2017/2018 թթ.)՝ 11-15 տարեկան դեռահաս աղջիկների
66%, տղաների 57% oրական առնվազն մեկ անգամ միրգ են օգտագործում: 17 տարեկանների շրջանում
այս թիվը հասնում է 53%: Բանջարեղենի օգտագործումը 11-15 տարեկան աղջիկների շրջանում
կազմում է 51%, տղաների շրջանում`43%, 17-տարեկանների շրջանում` 41%:
Հայտնի փաստ է, որ ռիսկի գործոնների
նվազեցման միջոցով ՈՎՀ-ի կանխարգելումը բազմապատիկ անգամներ ավելի ծախսարդյունավետ
է, քան դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումները: Ընդ որում,
այդ գործոնների շարքում առավել վճռորոշ է առողջ սննդային վարքագծի ձևավորումը՝
սկսած վաղ մանկության շրջանից, ներառյալ 6 ամիս բացառապես կրծքով կերակրումը և
ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը:
Կորոնավիրուսային հիվանդության
(Կովիդ-19) պայմաներում առավել քան անհրաժեշտ է վերահսկել մարմնի զանգվածը, քանի որ
միջազգային փորձի ուսումնասիրությունները փաստում են ավելցուկային քաշի/ճարպակալման և Կորոնավիրուսային
հիվանդության (Կովիդ-19) ծանր ընթացքի միջև պատճառահետևանքային կապը: Ճարպակալումով տառապող հիվանդների մոտ առկա են մի քանի
հիվանդություններ, որոնք վատթարացնում են հիվանդության ընթացքը:
2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ճարպակալումը խթանում է թոքաբորբի արագ զարգացումը: