Զարգացման նոր հեռանկարներ կենսաբանության և բժշկագիտության բնագավառներում․ կնքվել է համագործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ապրիլի 25-ին ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ կատարելու գիտահետազոտական աշխատանքներ և իրականացնելու համատեղ ծրագրեր կենսաբանության և բժշկագիտության բնագավառներում։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։
ԵՊՀ ռեկտորը, ներկայացնելով բուհում ընթացող բարեփոխումներն ու իրականացվող ծրագրերը, նշեց, որ նախատեսվում է ԵՊՀ-ում զարգացնել բժշկագիտության բնագավառը՝ հիմք ընդունելով առկա մեծ ներուժն ու ռեսուրսները։
Հ․ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում բժշկագիտության առանձին հիմնախնդիրներ արդեն իսկ դասավանդվում են և հետազոտվում, ապա հույս հայտնեց, որ առաջիկայում այս ուղղությամբ մեծ առաջընթաց ու զարգացում կարձանագրվեն։
Ա․ Բազարչյանն ասաց, որ այսօր շատ մեթոդներ, որոնք կիրառվում են բժշկագիտության մեջ, հիմնականում կենսաբանական են, և ըստ այդմ՝ պետք է աստիճանաբար վերանայել որոշ մասնագիտությունների կրթական ուղիներ։ Նա փաստեց, որ այսօր կան բժշկական մի շարք մասնագիտություններ, որոնց դասավանդման և զարգացման ուղղությամբ ԵՊՀ-ն հսկայական ներուժ ունի։
Ինստիտուտի տնօրենը նշեց, որ մեծ պատիվ է համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ`շեշտելով, որ այն հայաստանյան կրթական համակարգի դրոշակակիրն է։
Հանդիպման ընթացքում կողմերը հույս հայտնեցին, որ հաստատված համագործակցությունը գործնական ազդեցություն կունենա բոլոր այն ուղղությունների զարգացման գործում, որոնք փոխգործակցության հիմքում են:
Տեղեկացնենք, որ ըստ համագործակցության հուշագրի՝ կողմերը փոխանակելու են մասնագիտական տեղեկատվություն կենսաբանության և բժշկագիտության բնագավառներում, մշակելու և համատեղ իրականացնելու են գիտահետազոտական, գիտաուսումնական և դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև համատեղ կազմակերպելու են հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ ու գիտական այլ միջոցառումներ։