Նոր գիտական համագործակցություն ԱԱԻ-ի և USERN միջազգային գիտական կոնսորցիումի միջև
Մայիսի 17-ին շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ ԱԱԻ-ի գիտական ոլորտում, ԱԱԻ-ն միացավ USERN միջազգային գիտական նախաձեռնությանը։ Առողջապահության ազգային ինստիտուտի հյուրն էր հայտնի իրանցի բժիշկ-գիտնական, իմունոլոգիայի պրոֆեսոր, USERN-ի հիմնադիր նախագահ Նիմա Ռեզային՝ Թեհրանի համալսարանից։
Հանդիպմանը ներկա էին ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ-ի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Սամսոն Խաչատրյանը և դեկան Գոհար Երիմյանը։ Հյուրերի պատվիրակությանը ուղեկցում էր Հայաստանում USERN-ի երիտասարդական գիտական խմբի դեսպան, ԱԱԻ-ի Արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի իմունաբանության դասախոս, բժիշկ-իմունաբան Սևան Իրիցյանը:
Պրոֆեսոր Նիմա Ռեզային ներկայացրեց USERN միջազգային գիտական կոնսորցիումը, որի գլխավոր կարգախոսներից է «Գիտություն առանց սահմաններիե գաղափարը։ Այն կոչված է գիտական համագործակցությունների հարթակ ստեղծել տարբեր երկրների գիտնականների համար և ներկայացուցչական խորհուրդ ունի, որի կազմում են համաշխարհային հռչակ վայելող առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԱԻ-ն որպես USERN-ի ներկայացուցիչ ՀՀ-ում և ԱԱԻ-ում USERN-ի հայաստանյան գրասենյակի հիմնադրման հարցերը, առաջարկվեցին համագործակցության տարբեր նախագծեր։ USERN-ը ներկայացուցչություններ ունի աշխարհի 77 երկրում։ Հայաստանը կմիանա այդ մեծ ընտանիքին ի դեմս Առողջապահության ազգային ինստիտուտի։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Փոխադարձ համաձայնության հուշագիր, որը ԱԱԻ-ի ամբիոնների համար գիտակրթական լայն համագործակցության հնարավորություններ է ստեղծելու։ Պրոֆեսոր Ռեզային պաշտոնապես հրավիրվեց համալրելու ԱԱԻ-ի պաշտոնական գիտական «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսիե խմբագրակազմը։