«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2019թ.
Բժշկական վիճակագրությունը երկրի առողջապահության համակարգի գործունեության գնահատման բանալին է, առողջապահության քաղաքականության և ռազմավարության մշակման ու հետագա ներդրումների համար ուղեցույցը: Բնակչության առողջության պահպանման և բարելավման գործում կարևոր դերակատարում ունի առողջապահության համակարգի ճիշտ քաղաքականությունն ու ռազմավարությունը: Առողջապահության համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման հաջողությունը մեծապես պայմանավորված է ներկա վիճակի մասին տեղեկատվության առկայությամբ, որակով, թափանցիկությամբ և ամբողջականությամբ: Առողջապահության տեղեկատվական համակարգը կարևոր նշանակություն ունի ոլորտում բարեփոխումների իրականացման, ռազմավարության մշակման, ինչպես նաև մոնիթորինգի և համակարգի արդյունավետ գործունեության գնահատման համար: Բժշկավիճակագրական տվյալների օգնությամբ կատարվում են տարատեսակ վերլուծություններ բնակչության շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների տարածվածության և միտումների, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների գործունեության, բժշկական օգնության որակի, ծանրաբեռնվածության, աշխարհագրական հասանելիության, մարդկային ներուժի առկայության և ապահովվածության, բնակչության կեցության և առողջության մակարդակների փոխադարձ կապի, առողջության վրա վարքագծային և կենսաբանական գործոնների, ինչպես նաև դետերմինանտների ազդեցության գնահատման վերաբերյալ: Տարեգիրքը բաղկացած է 6 բաժիններից՝ ժողովրդագրական ցուցանիշներ, առողջության ցուցանիշներ, ոչ վարակիչ հիվանդություններ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, ներզատական համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ, մոր և մանկան առողջություն, իմունոկանխարգելում, առողջապահական ռեսուրսներ և ծառայություններ, մարդկային ներուժ: Վիճակագրական տվյալները որոշ դեպքերում ներկայացված են ըստ սեռատարիքային խմբերի, ըստ մարզերի նաև ժամանակագրական աղյուսակների տեսքով: